ԷԿՈԼՈԳԻԱ…

Էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների գոյությունը, և միմյանց ու շրջակա միջավայրի հետ նրանց փոխհարաբերությունները:

Այսօր էկոլոգիան որպես տերմին մտել է յուրաքանչյուրի գիտակցության մեջ և դադարել է միայն կենսաբանության մի ճյուղ լինելուց: Առավել ևս էկոլոգիան դուրս է եկել գիտական հասկացության շրջանակներից և դարձել է անհանգստության առարկա յուրաքանչյուր պետության և անհատի համար:

Էկոլոգիական  ներկա իրավիճակը և դրա հետագա փոփոխությունները պայմանավորված են տնտեսության մեջ գիտա-տեխնիկական  հայտնագործությունների ներդրմամբ ու մարդկանց գործունեությամբ: Դրա հիմնական պատճառը էկոլոգիական կրթության ցածր մակարդակն է և էկոլոգիական հսկողության ոչ արդյունավետ մեխանիզմների կիրառումը: Ցանկացած բնագավառի մասնագետ պետք է տիրապետի էկոլոգիական գիտելիքներին, ընդունակ լինի գնահատել բնության վրա մարդու անմիջական ազդեցության բնույթը, ուղղվածությունը և հետազդեցությունը:

1.1           Էկոլոգիայի զարգացման փուլերը

Հին աշխարհի փիլիսոփաները փորձելով պարզաբանել կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխհարաբերություները, իրենց կամքից անկախ պարզաբանել են էկոլոգիայի շատ հիմնահարցեր: Ք.ա.  5-րդից-3-րդ հազարամյակներում կատարվել են բույսերի և կենդանիների դասակարգման առաջին փորձերն ըստ նրանց կեցության միջավայրի: Կախված միջավայրից Արիստոտելը կենդանիներին դասակարգել է ջրային և ցամաքային կենդանիների: Բացի այդ նա կենդանիներին դասակարգել է նաև կախված եղանակային պայմաններից` ցրտից, ջերմությունից, խոմավությունից և սննդից: Նա գտնում էր, որ սննդի համար պայքարի հետևանքով կանխվում է տեսակների անսահման բազմացման հնարավորությունը:

Այս ժամանակաշրջանի մեկ այլ մտածող Թեոֆրաստը, իր “Բույսերի պատմությունը” գրքում նույպես անդրադառնում է գոյության միջավայրի առանձնահատկություններին: Կարևորելով դա նա նշում է, որ բույսերը կարող են լինել ջրային, ցամաքային, ճահճային և այլն: Նա մեծ նշանակություն է տալիս նաև արտաքին գործոնների` ջերմաստիճան, խոնավություն, լույս և այլն ազդոցությանը:

Հին աշխարհի շատ պետություններում գործում էին բազմաթիվ օրենքներ, որոնք վերաբերվում էին շրջակա միջավայրի  աղտոտմանը և բնության պահպանությանը: Այստեղ ոռոգման նպատակով ստեղծվում էին ջրանցքների համակարգեր (քավրեզներ, ակվեդուկներ), խմելու ջրերի ստորգետնյա ջրատարներ և գործում էին դրանց պաշտպանությանն ուղղված օրենքներ և միջոցառումներ:

Էկոլոգիայի զարգացման պատմական ուղին կարելի է երեք փուլերի:

I-ին փուլ  մինչև 19-րդ դարի 60-ական թվականները: Այս ժամանակահատվածում ձևավորվեցին օրգանիզմների հարմարվողականության (ադապտացման) մասին պատկերացումները: Ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը օրգանիզմների զարգացման վրա:

Շվեդ բնագետ Կարլ Լիննեյը զարգացրել է “ բնության տնտեսման” պատկերացումները: Նա գտնում էր, որ Աստծո կողմից ստեղծված է հավասարակշռություն, որը պահպանվում է բոլոր բնական մարմինների փոխազդեցությամբ: Ըստ նրա մի օրգանիզմի մահը թույլ է տալիս մյուսների գոյությունը:

Այդ ժամանակաշրջանում Լավուազիեն առաջին անգամ զեկուցեց երկրի մակերևույթին տարրերի շրջապտույտի մասին, որտեղ հիմնավորում էր կենսածին տարրի` ածխածնի կենսաբանական շրջապտույտի էությունը: Հայտնի կենսաբան-էկոլոգ Լամարկը առաջ քաշեց այն դրույթը, որ արտաքին միջավայրի փոփոխության հետևանքով օրգանիզմները ձեռք ենբերում նոր հատկություններ, որոնք ժառանգաբար փոխանցվում են հետագա սերունդներին:

II փուլ 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև – րդ դարի կեսերը: Այս շամանակաշրջանը անվանում են էկոլոգիայի “ոսկե դար”, քանի որ էկոլոգիան որպես գիտություն առանձնացավ կենսաբանությունից և դրվեց էկոլոգիայի տեսական հիմքը: Հատկապես մեծ է ռուս գիտնականներ Կ. Ռուլիեի, Վ. Դոկուչաևի, Վ. Սուկաչևի դերը: Առաջին անգամ նրանք հիմնավորեցին էկոլոգիայի մի շարք սկզբունքներ ու հասկացություններ, որոնք մինչև այժմ չեն կորցրել իրենց նշանակությունը: Հայտնաբերվեց մինիմումի օրենքը, էվոլյուցիայի տեսությունը, տեսակների ծագման ու գոյապայքարի մասին տեսությունը, կենսացենոզի հասկացությունը և այլն:

30-ից  40-ական թվականներին բնական համակարգերի ուսումնասիրման նոր մոտեցումների արդյունքում էկոլոգիան բարձրացավ ավելի բարձր աստիճանի: Նախ Ա. Թենսլին առաջ քաշեց էկոհամակարգ հասկացությունը, ապա Վ. Սուկաչևը հիմնավորեց կենսաերկրացենոզների մասին պատկերացումները:

III փուլ   20-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը: Այս ժամանակաշրջանում էկոլոգիան վերածվել է կոմպլեքս գիտության, որն ընդգրկում է մարդու շրջակա և բնական միջավայրի պաշտպանության մասին գիտությունները: Ստեղծվեց կենսոլորտի մասին ուսմունքը, որի զարգացումը հանգեցնում է նոոսֆերային:

<<

1.2            Էկոլոգիայի առարկան և խնդիրները

Էկոլոգիան գիտական մեթոդներուվ ուսումնասիրում է բնության որոշակի հատվածում, որոշակի պահին կենդանի և անկենդան բնության առարկաների և երևույթների կանոնակարգված և ներդաշնակ փոխհարաբերությունները: Տալիս է եզրակացություն երևույթների բնական զարգացման վերջնական արդյունքի վերաբերյալ: Մոդելավորում է օրգանիզմների և էկոհամակարգերի կայուն զարգացման և գոյության հնարավոր, առավել բարենպաստ արդյունքներ ստանալու ուղիները:

Ոչ մի հասարակական և տնտեսական առաջընթաց չի կարող ապահովել մարդու կենսագործունեությունը բնության օրենքներից դուրս: Նույնիսկ ջրի տակ կամ տիեզերքում մարդը մնում է կենսաբանական էակ, ում գոյության համար անհրաժեշտ են միջավայրի որոշակի պայմաններ` ջերմաստիճան, խոնավություն, օդի բաղադրություն, ջրի որակ, սնունդ և այլն: Կենդանի օրգանիզմների պահանջները միջավայրի որակի նկատմամբ մշակվել են զարգացման ընթացքում: Այդ գործոններից յուրաքանչյուրի կտրուկ փոփոխությունները կարող են բերել նյութափոխանակության խանգարման, ծայրահեղ դեպքում նաև մահվան:

Միջավայրի բարձր կամ բավարար որակ ասելով հասկանում են`

1)      Մարդու կողմից, համապատասխան տարածքում ստեղծված տվյալ էկոլոգիական համակարգի կայուն գոյության ու զարգացման հնարավորություն;

2)      Առավել կարևոր կամ ցանկացած պոպուլյացիայի համար ոչ բարենպաստ հետևանքների բացակայություն:

Որպես միջավայրի որակի գնահատման չափանիշ ընդունում են պոպուլյացիայի բարձր վերարտադրելիությունը, տարբեր պայմաններում գտնվող տեսակների և պոպուլյացիայի կենսազանգվածի օպտիմալ հարաբերությունը և այլն:

Հնարավոր չե պահպանել և օգտագործել բնությունը չիմանալով վերջինիս կառուցվածքը, ինչպիսի օրենքներով է այն գոյատևում ու զարգանում, ինչպես է արձագանքում մարդու գործունեությանը, մարդու կողմից ինչպիսի սահմանային բեռնվածության կարող է ենթարկվել բնական համակարգը:

Կախված կենսաբանական համակարգերի կազմավորման մակարդակների  ուսումնասիրությունից էկոլոգիան բաժանվում է

–         աուտոէկոլոգիայի, որն ուսումնասիրում է առանձին օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխհարաբերությունները;

–         դեմոէկոլոգիա կամ պոպուլյացիաների էկոլոգիա, որն ուսումնասիրում է որևէ տեսակի կառուցվածքը, պոպուլյացիայի դինամիկան;

–         սինէկոլոգիա կամ կենսացենոլոգիա, որն ուսումնասիրում է պոպուլյացիաների, էկոհամակարգերիփոխհարաբերությունները միջավայրի հետ:

Կախված էկոլոգիայի ուսումնասիրման առարկայից տարբերում են բույսերի էկոլոգիա, կենդանիների էկոլոգիա, մանրէների էկոլոգիա, մարդու էկոլոգիա և այլն: Այս բոլոր խմբերը իրենց հերթին կարող են ուսումնասիրվել տարբեր մակարդակներով` առանձնյակների պոպուլյացիաների, համակեցությունների, հողում, ջրում, օդում տիեզերքում և այլն: Կենդանի օրգանիզմները գոյատևում են տրոպիկական, մեղմ, բևեռային պայմաններում, բնական կամ մարդու կողմից ստեղծված համակեցություններով, աղտոտված կամ ոչ աղտոտված պայմաններում: Հատկապես մեծ նշանակություն ունի մարդու և մարդկային հասարակության էկոլոգիան: Էկոլոգիան որպես գիտություն հիմնված է կենսաբանության տարբեր ճյուղերի` ֆիզիոլոգիա, գենետիկա,կենսաֆիզիկա վրա, որոնք կապված են ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, երկրաբանության, մաթեմատիկայի և այլ բնագավառների հետ: Այժմ մարդը լայնացրել է իր գոյության միջավայրի շրջանակները, որն առաջ է բերում լրացուցիչ խնդիրներ տիեզերական անտրոպոլոգիայի, տիեզերական բժշկության և այլ բնագավառներում: Բարդ ու բազմազան են մարդու և արտադրությունում գործող մեքենաների փոխհարաբերությունները: Վերջինովս զբաղվում է էրգոնոմիկան, որն հանդիսանում է աշխատանքի պաշտպանության մի մասը:

Բոլոր այս իրարից խիստ տարբերվող ճյուղերին միավորում է նրանց էկոլոգիական անվտանգությունը: Բերվածից երևում է, որ էկոլոգիայի խնդիրները բազմազան են: Դրանք են

–         Կյանքի կայացման օրինաչափությունների ուսումնասիրումը, այդ թվում բնական համակարգերի և կենսոլորտի վրա անտրոպոգեն ազդեցության ուսումնասիրումը;

–         Կենսաբանական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գիտական հիմքերի ստեղծումը, մարդկանց գործունեության հետևանքով բնության փոփոխությունների կանխատեսումները և դրանց կառավարումը

–         Մարդու գոյության միջավայրի պահպանումը;

–         Պոպուլյացիայի թվաքանակի կարգավորումը;

–         Այնպիսի միջոցառումների համակարգի մշակումը, որոնք թույլ են տալիս կիրառելքիմիական նյութերի նվազագույն քանակներ;

–         Բնական միջավայրերի և լանդշաֆտների էկոլոգիական հայտածում;

–         Խախտված բնական էկոհամակարգերի վերականգնում;

Կենսոլորտի էտալոնային տարածքների պահպանում և այլն:

One thought on “ԷԿՈԼՈԳԻԱ…

  1. Pingback: Ամփոփում ենք 2013-ը… « Laura Saribekyan

Leave a comment